Ապրող ու ապրեցնող գիրքը Ապրող ու ապրեցնող գիրքը
2008 թվականից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության որոշմամբ  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու... Ապրող ու ապրեցնող գիրքը

2008 թվականից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության որոշմամբ  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:  Գրքի և ընթերցանության նշանակության շուրջ  զրուցել ենք առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ:

 

-Տե՛ր հայր, ի՞նչ խորհուրդ ունի գիրքը մեր կյանքում: Որքանո՞վ է այն արժևորված:

-Գիրքը լույս է, իմաստություն, ավանդություն, հիշողություն: Այն մի հզոր ուժ է, որ պարփակում է իր մեջ մարդկային հազարամյա իմացությունը: Սուրբ Գիրքը հաստատում է, որ Աստված ճիշտ համարեց Իր խոսքերը փոխանցել գրքի միջոցով:  Հնում ամեն հայի համար գիրքը մեծագույն գանձ էր:  Ավետարանները, որ գրվում ու նվիրվում էին եկեղեցիներին, ցույց էին տալիս այդ մարդկանց նվիրվածությունը Աստծուն: Քիչ չէին այն դեպքերը, երբ որևէ վանքի Աստվածաշունչ այլադավաններից ազատագրելու համար մեծամեծ գանձեր էին տալիս, միայն թե գիրքը հետ բերվեր: Հայերի գրքասիրությունը հաստատվեց նաև 1915 թ. կոտորածների ժամանակ, երբ մարդիկ թողնում էին իրենց հարստությունները, բայց «Նարեկներն» ու Ավետարանները, մեջքին կապած կամ խուրջինի մեջ դրած, բերում էին՝ պահպանելով  և հանձնելով սերունդներին:

 

-Ինչպե՞ս դաստիարակել գրքասեր ընթերցող:

-Ես երբեք չեմ մոռանա՝ ինչպես իմ պապը տասներորդ դասարանում ինձ տվեց մի Ավետարան, որտեղ միայն չորս ավետարանիչներն էին: Դա փոքրիկ գրքույկ էր, որ ես կարդացի երկու տարվա ընթացքում: Այն իմաստությունները, որ թաքնված են Սուրբ Գրքում, ինձ համար պարզ էին դառնում աստիճանաբար: Երբ բախվում էի հարցականների, գիրքը կարծես «փակվում» էր, մինչև չէի գտնում պատասխանները: Եվ այդպես լուսահոգի պապս ինձ տվեց գրքի «համը» զգալու հնարավորություն, և ես հասկացա, որ գիրքն ապրող ու ապրեցնող է:

Ես խոսեցի իմ պապիկից, որ զբաղվում էր իր թոռնիկով՝ ցույց տալով գրքի հետ վարվելու կերպը: Արդյոք մենք մեր մանուկներին սովորեցնու՞մ ենք դեպի գիրքը գնալու ճանապարհը: Այսօր ամեն վայրկյան կարելի է տեսնել սոցհարթակներից դուրս չեկող երիտասարդների, ովքեր ուղղակի քամում են ոչ ճիշտ և ոչ  պետքական տեղեկատվություն: Դրա համար անհրաժեշտ  է պետական մակարդակով, պետական ծրագրով  փոխել մեր երիտասարդների արժեհամակարգը: Միայն պաստառներում «կարդացող մարդ» պատկերելը  դեռ քիչ է ընթերցող սերունդ դաստիարակելու համար: Եկեղեցու հայրերն ասում են. «Սատանան գործում է, երբ տգիտությունն է տիրում», այսինքն՝ եթե մենք հեռացել ենք գրքի արվեստից, պետք է գա հակառակ ուժը՝ տգիտությունը, իսկ տգիտությունն ավեր է ու պատերազմ, որ չի խնայում մշակույթի ոչ մի ճյուղ, ոչ մի արժեք:

 

-Ի՞նչ կասեք գիրք նվիրելու մասին:

-Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը որպես Գիրք նվիրելու օր նշելը կարևոր է, քանի որ մարդիկ քիչ-քիչ սկսում են ապրել վիրտուալ աշխարհում, և  գիրքը հետին պլան է մղվում: Տա՛ Աստված, որ Գիրք նվիրելու օրը վերածվի ամիսների,  ամիսները՝ տարիների, որ մարդիկ ամեն օր մեկը մյուսին գիրք նվիրեն: Ամենաառաջինը՝ Սուրբ Գիրքն է, որ նախ պետք է կարդալ, այնուհետև՝ նվիրել: Գրիգոր Նարկացու «Մատյան ողբերգության»-ը նույնպես նվերի հրաշալի տարբերակ է:

 

Պատրաստեց  Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ